Կանոնադրություն


«Ռեֆորմ հանուն ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության կանոնադրություն

2014թ.

1.         ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 «Ռեֆորմ հանուն ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող եւ ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող ոչռևտրային հասարակական միավորում է: Կազմակերպությունում, իրենց շահերի ընդհանրության հիման վրա միավորվել են ֆիզիկական անձինք մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելու, հանրային նշանակության խնդիրների առնչությամբ հասարակական քննարկումներ կազմակերպելու և հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:

1.2 Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի եւ սույն կանոնադրության հիման վրա:

1.3 Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Անհրաժեշտության դեպքում Կազմակերպությունը կարող է բացել և գործարկել իր առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

1.4 Կազմակերպությունը գործում է օրինականության, կամավորության, թափանցիկության, հրապարակայնության և ինքնակառավարման սկզբունքներով:

1.5  Կազմակերպության անդամները Կազմակերպությանը որպես սեփականություն հանձնած գույքի` ներառյալ անդամավճարների նկատմամբ իրավունքներ չունեն: Նրանք պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների, իսկ Կազմակերպությունը` իր անդամների պարտավորությունների համար:

1.6 Կազմակերպությունը կարող է ունենալ առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ:

1.7 Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային հաշիվ և այլ հաշիվներ բանկերում` ՀՀ դրամով և օտարերկրյա արժույթներով, հայերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք` իր խորհրդանիշով:

1․8 Կազմակերպության խորհրդանիշում պատկերված է՝ կարմիր անկանոն բազմանկյուն, որի վրա սպիտակ ֆոնին առկա է «Ռեֆորմ» գիրը։

1.9 Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է՝

«Ռեֆորմ հանուն ժողովրդավարության զարգացման  հասարակական կազմակերպություն»

Կազմակերպության հայերեն կրճատ անվանումն է`

«Ռեֆորմ հանուն ժողովրդավարության զարգացման» ՀԿ

Կազմակերպության ռուսերեն լրիվ անվանումն է`

«Реформа за демократическое развитие» общественная организация

Կազմակերպության ռուսերեն կրճատ անվանումն է`

«Реформа за демократическое развитие» ОО

Կազմակերպության անգլերեն լրիվ անվանումն է`

«Reform» non - governmental organization

Կազմակերպության անգլերեն կրճատ անվանումն է

«Reform for democratic progress» NGO

1.9 Կազմակերպության գտնվելու վայրն է` ք․Երևան, Ավան-Առինջ 3/12 բն․10



2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ

ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1 Կազմակերպության գործունեության առարկան եւ նպատակներն են`

ա/ Նպաստել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների իրականացմանը.

բ/ պաշտպանել մարդու` Սահմանադրությամբ և օրենքնեորվ նախատեսված  իրավունքները օրենսդրությամբ չարգելված միջոցներով.

գ/ մշակել և հրապարակել հասարակական կյանքի տարբեր ոլորտներիում առկա խնդիրների առնչությամբ այլընտրանքային ծրագրեր, առաջարկություններ՝ներառյալ օրենքների նախագծեր,

դ/ հասարակական վերահսկողություն իրականացնել պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության, այդ թվում ներկայացրած ծրագրերի, ընդունած իրավական ակտերի նկատմամբ, վիճարկել պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները վարչական, դատական կարգով և օրենքով չարգելված այլ միջոցներով,

ե/ նպաստել մարդկանց իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացմանը

2.2 2.1 Կետում նժված նպատակների իրականացման ուղղությամբ կազմակերպությունն իրականացնում է հետևյալը՝

1. Պարբերական վերլուծությունների և հետազոտությունների հիման վրա առանձնացնում է հասարակությանը հուզող ամենահրատապ հիմնահարցերը, դրանց վերաբերյալ հանդես է գալիս հայտարարություններով, առաջարկում է խնդիրների լուծման սեփական, այլընտրանքային ծրագրերը,

2. Հասարակությանը հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների մասին տեղեկացնելու, սեփական ծրագրերին ծանոթացնելու նպատակով կազմակերպում է հրապարակային միջոցառումներ և մասնակցում է դրանց,

3. Կազմակերպում է մամոլի ասուլիսներ և մասնակցում է դրանց

4. Հասարակության իրավագիտակցության և իրավական գիտելիքների բարձրացման նպատակով կազմակերպում է սեմինարներ, դասախոսություններ, դահլիճային հանդիպումներ

5. Թողարկում է տեղեկատվական բնույթի բրոշյուրներ և թռուցիկներ

6. Ստեղծում է քաղաքացիների իրավական օգնության արագ արձագանքման խումբ, որի հիմնական գործառույթն է քաղաքացիներին կոնկրետ խնդիրների շուրջ նրանց իրավուքներն ու պարտականությունները պարզաբանելը, անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը, նրանց շահերի ներկայացումը դատարանում և պետական այլ մարմիններում; Ընդ որում նշված բոլոր ծառայությունները մատուցվում են անվճար:

7. Իրականացնում է իր առջև դրված հիմնական խնդիրների իրագործման նպատակով պայմանավորված այլ միջոցներ և միջոցառումներ:



3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ

ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

3.1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձ, ով ցանկանում է մասնակցել Կազմակերպության գործունեությանը եւ ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը:

Անձը, որը Կազմակերպության հիմնադիր չէ, կազմակերպության անդամ կարող է դառնալ իր կամքի ազատ արտահայտման հիման վրա` այդ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով: Մինչեւ տասնչորս տարեկան անչափահասը Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

3.2. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր

դիմում է Կազմակերպության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ):

3.3. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Խորհուրդը` Խորհրդի կողմից սահմանված կարգով:

3.4. Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու Կազմակերպությունից: Կազմակերպության անդամությունից զրկումը տեղի է ունենում Խորհրդի որոշմամբ:

3.5. Խորհրդը կարող է որոշում կայացնել Կազմակերպության անդամին անդամությունից զրկելու մասին, եթե Կազմակերպության անդամը չի վճարում Խորհրդի կողմից սահմանված անդամավճարները կամ իր գործունեությամբ եւ պահվածքավ արատավորում է Կազմակերպության հեղինակությունն ու բարի համբավը:



4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱ-

ՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1.Կազմակերպության անդամն իրավունք ունի`

ա/ ընտրել Կազմակերպության բարձրագույն մարմնի (Խորհրդի) անդամներին եւ ընտրվել դրանցում,

բ/ Կազմակերպության ղեկավար մարմիններին ներկայացնել առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ,

գ/ ամբողջական տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին,

դ/ ազատորեն դուրս գալ Կազմակերպությունից,

ե/ Կազմակերպությունից ստանալ օգնություն` ուղղված սույն կանոնադրության նպատակներից եւ խնդիրներից բխող` իր օրինական շահերի պաշտպանությանը,

զ/ մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին,

է/ Կազմակերպության Խորհրդի եւ Կազմակերպության Նախագահի ոչ կանոնադրական գործունեության դեմ օրենսդրությամբ սահմանված կարգով բողոք ներկայացնել Կազմակերպության Ժողովին, իսկ վերջինիս կողմից արդարացի լուծում չտալու դեպքում` դիմել դատարան,

ը/ Կազմակերպության աշխատանքներին մասնակցել հեռահաղորդակցության հասանելի միջոցներով:

4.2. Կազմակերպության անդամը պարտավոր է`

ա/ բարձր պահել Կազմակերպության հեղինակությունը,

բ/ կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները,

գ/ մուծել անդամավճար, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է Խորհուրդը,

դ/ բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները:

4.3. Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ` նկատողություն, խիստ նկատողություն, Կազմակերպության անդամությունից զրկում:



5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

5.1. Կազմակերպությունն իրավաբանական անձ է պետական գրանցման պահից:

5.2. Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումով կնիք, դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկում` Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա արժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային եւ ոչ գույքային իրավունքներ եւ կրել պարտականություններ, որպես հայցվոր եւ պատասխանող հանդես գալ դատարանում:

5.3. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները եւ խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

ա/ տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,

բ/ ներկայացնել եւ պաշտպանել իր անդամների իրավունքները եւ օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում,

գ/ Դատական կարգով եւ օրենքով չարգելված բոլոր այլ միջոցներով պաշտպանել կազմակերպության կանոնադրական նպատակներից եւ խնդիրներից բխող հանրային շահերը:

զ/ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով, ստեղծել հիմնադրամներ, առանձնացված ստորաբաժանումներ, մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ,

է/ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել եւ օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք,

ը/ օտարել կամ վարձակալության կամ անվճար օգտագործման հանձնել Կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ եւ շարժական գույք,

թ/ կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր եւ այլ գործարքներ,

ժ/ ինքնուրույն կազմավորել եւ տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում եւ այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում` արտարժույթով,

ի/ իրականացնել միջազգային գործունեություն, այդ թվում` գործուղել տարբեր երկրներ, հրավիրել այլ պետություններից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:



6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կազմակերպությունը պարտավոր է`

ա/ ցանկացած ֆիզիկական անձի պահանջով 7 օրացուցային օրվա ընթացքում նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը,

բ/ օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն եւ հաշվապահական հաշվառում,

գ/ իր գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել Կազմակերպության Ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը,

դ/ պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել իր բարձրագույն մարմնի որոշումների պատճենները, Կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա գտնվել Կազմակերպության Ժողովին,

ե/ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին,

զ/ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու եւ լուծարելու մասին որոշումներ ընդունելուց հետո` մեկամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին` սահմանված կարգով դրանք հաշվառելու եւ հաշվառումից հանելու համար,

է/ վարել իր անդամների հաշվառումը,

ը/ առանց լիազորագրի Կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի եւ (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, օրենքով սահմանված ժամկետներում պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները եւ (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի մասին տվյալները,

թ/ Կազմակերպության անդամներին տրամադրել սպառիչ տեղեկատվություն Կազմակերպության գործունեության վերաբերյալ:



7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7.1. Կազմակերպության գործունեության եւ կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` Ժողովին:

7.2. Ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ: Ժողովը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է Խորհուրդը: Եթե Կազմակերպության անդամների թվաքանակն անցնում է հարյուրից, ապա Խորհրդի կողմից սահմանված կարգով Ժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները:

7.3. Կազմակերպության արտահերթ ժողով հրավիրվում է Կազմակերպության Խորհրդի կողմից՝ Կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) պահանջով՝ պահանջող կողմի հաստատած օրակարգով, որի մասին Կազմակերպության անդամները տեղեկացվում են ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում: Ժողովի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները ծանուցվեում են Խորհրդի կողմից` ժողովից առնվազն 3 օրացույցային օր առաջ:

7.4. Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

ա/ Կազմակերպության կանոնադրության հաստատումը եւ փոփոխումը, նոր խմբագրմամբ կանոնադրության հաստատումը

բ/ Կազմակերպության ղեկավար մարմինների ընտրությունը, փոփոխումը եւ հետկանչը, վաղաժամկետ լիազորությունների դադարեցումը

գ/ Կազմակերպության լուծարման եւ վերակազմակերպման մասին որոշումների ընդունումը.

դ/ Կազմակերպության գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը:

7.5. Ժողովը կարող է հարցեր քննարկել եւ որոշումներ ընդունել, եթե դրան մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների կամ ընտրված բոլոր պատվիրակների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են Կազմակերպության բոլոր անդամների կամ ընտրված բոլոր պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ: Կանոնադրության փոփոխությունները եւ լրացումները կատարվում են Կազմակերպության բոլոր անդամների կամ ընտրված բոլոր պատվիրակների ձայների որակյալ մեծամասնությամբ (2/3-ով):

7.6. Կազմակերպության Խորհուրդն ընտրվում է Ժողովի կողմից` երկու տարի ժամկետով:

7.7. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Կազմակերպության Նախագահի կողմից` ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաեւ Կազմակերպության անդամների 20%-ի կամ Խորհրդի երկու անդամի պահանջով: Խորհրդի նիստերը կարող են գումարվել նաեւ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով:

7.8. Խորհուրդը`

ա/ ընտրում է Կազմակերպության Նախագահ, բացառությամբ կազմակերպության առաջին նախագահի, որին ընտրում է հիմնադիր ժողովը երկու տարի ժամկետով

բ/ հաստատում է Կազմակերպության Նախագահի հաշվետվությունները, այդ թվում` Ժողովին ներկայացվող հաշվետվությունը,

գ/ առաջարկություններ է ներկայացնում Ժողովին` նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի մասին,

դ/ ընդունում է Կազմակերպության անդամ եւ ազատում կամ զրկում անդամությունից,

ե/ ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը` ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում,

զ/ սահմանում է Կազմակերպության անդամների կողմից անդամավճարի մուծման կարգը եւ ձևերը,

է/ ստեղծում եւ լուծարում է Կազմակերպության հիմնարկները, կառուցվածքային ստորաբաժանումները, առանձնացված ստորաբաժանումները /մասնաճյուղեր, ներկայացուցչություններ/, տնտեսական ընկերությունները, ինչպես նաեւ հաստատում է նրանց կանոնադրությունները,

ը/ իրավունք ունի քննարկելու և լուծելու Կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ Ժողովի բացառիկ իրավասությանը վերապահվածներից, այդ թվում` նաև Կազմակերպության անդամակցության հարցը ոչ առևտրային իրավաբանական անձանց միություններին եւ միջազգային հասարակական կազմակերպություններին,

թ/ սահմանում է Կազմակերպության պարգեւատրման կարգերը:

7.9. Խորհուրդը կարող է հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում է իր անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Կազմակերպության Նախագահի ձայնը վճռորոշ է:

7.10. Կազմակերպության Նախագահն ընտրվում է Խորհրդի կողմից` Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, 2 տարի ժամկետով:

7.11. Կազմակերպության Նախագահը համակարգում է Խորհրդի աշխատանքները.

- ներկայացնում է Կազմակերպությունն առանց լիազորագրի,

- ընդունում է որոշումներ, տալիս է լիազորագրեր,

- ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում եւ դուրս գրում Կազմակերպության բոլոր տեսակի եւ ցանկացած արժողությամբ գույքը,

- հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը,

- անհրաժեշտության դեպքում, աշխատանքների ծավալից եւ իր ծանրաբեռնվածությունից ելնելով, կարող է նշանակել գործադիր տնօրեն, որի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր եւ նրան տալիս, սույն կանոնադրությամբ սահմանված լիազորություններից բացի, լրացուցիչ լիազորություններ:

7.12. Կազմակերպությունը կարող է ունենալ նաեւ հանձնաժողովներ, որոնց գործունեության ուղղությունները եւ կազմերը պետք է ընտրվեն Խորհրդի կողմից:



8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

8.1. Կազմակերպության գույքը հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը:

8.2. Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ եւ շարժական գույք` շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր եւ օրենքով չարգելված այլ գույք: Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի:

8.3. Կազմակերպության սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել`

- Կազմակերպության անդամների մուտքի վճարները, անդամավճարները,

- դրամական եւ նյութական ներդրումները,

- բանկային հիմնարկներից ստացված վարկերը,

- դրամաշնորհները,

- բարեգործական ներդրումները, ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրատվությունները,

- Կազմակերպության կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների փոխանցած գումարները,

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերը:

8.4. Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից` օրենքով սահմանված կարգով:

8.5. Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի եւ կանոնադրությամբ սահմանված նպատակների եւ խնդիրների իրականացման համար:



8.1 ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

8.1.1. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Կազմակերպության Ժողովը:

8.1.2.   Կազմակերպությունն իր ֆինանսական հաշվետվությունների ստուգման նպատակով կարող է պատվիրել արտաքին աուդիտ:



9.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ

ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

9.1. Կազմակերպությունը կարող է լուծարվել Ժողովի կամ դատարանի որոշմամբ:

9.2. Ժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով եւ օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը, պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, Ժողովի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ, եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետական բյուջե:

9.3. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:



Կանոնադրությունը կազմված է 24․05․2014թ․

Комментариев нет:

Отправить комментарий