Մեր երկրի իշխանությունները շարունակում են իրենց հակաժողովրդական քաղաքականությունը՝ օրեցօր էլ ավելի ծանրացնելով սոցիալական խորը ճգնաժամի մեջ գտնվող երկրի բնակչության հարկային բեռը: Հերթի է դրված Հայաստանի էլեկտրական ցանցերի ղեկավարության դիմումը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բնակչությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 40 տոկոսով բարձրացնելու առաջարկը:
Արդեն ակնհայտ է, որ ՀՀ թուլակամ ու պատվազուրկ ղեկավարությունը նախապես փոխհամաձայնության է եկել ռուսական այդ ընկերության հետ սակագնի բարձրացման հարցում, որը կարող է մի քանի դրամով պակաս լինել մեկ կիլովատի համար առաջարկված 17 դրամից: Հայ հանրությանը թատերական ներկայացման տեսքով հրամեցվող ռուս-հայկական այս գործարքի հետեւանքները լինելու են առաջին սպառման ապրանքների էական թանկացումները, գործազրկության եւ աղքատության ընդլայնումը, հանցագործություների կտրուկ աճը, բնակչության արտագաղթի շեշտակի ավելացումը եւ այլն: Երկրի սոցիալ-տնտեսական համակարգերին սպառնացող փլուզումը զրոյականի կիջեցնի Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորվածության ցուցանիշը:
Այս իրադրության մեջ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս պարտավոր ենք մեր կամքը թելադրել ՀՀ իշխանություններին: Այդ նպատակով կոչ ենք անում մեր երկրի բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ, ժամը 19-ին կայանալիք մեր բողոքի երթին, որը կսկսվի Ազատության հրապարակից:

Комментариев нет:
Отправить комментарий